Գիտնականները ներկայացրել են Մեծ Բրիտանիայի առավել մանրամասն գենետիկ քարտեզը: Բրիտանական կղզիների կելտալեզու խմբերը ոչ պակաս հեռու են միմյանցից, քան անգլոսաքսերից, իսկ Միջնադարում Անգլիայի տարածքների մեծ մասին իշխող վիկինգները ընդհանրապես չեն թողել գենետիկական հետք: Հետազոտությունը ներկայացված է Nature ամսագրում: Գիտնականների միջազգային խումբը հավաքել է Բրիտանիայի գյուղական շրջանների 2039 բնակիչների ԴՆԹ-ները: Նախագծի մասնակից բոլոր տատիկներն ու պապիկները պետք է ծնված լինեին միմյանցից առավելագույնը 80 կմ հեռավորության վրա: Այսպես գիտնականները ստացել են երկրի գենետիկայի «պատուհանը» 20-րդ դարի սկզբում, երբ դեռ տեղի չէր ունենում զանգվածային միգրացիա դեպի քաղաքներ, իսկ Մեծ Բրիտանիա դեռ չէին ժամանում այլ մայր ցամաքներից ներգաղթյալներ:
Գիտնականներն ուսումնասիրել են ԴՆԹ-ում գենոմի 500 հազար դիրքերի տարբերությունը: Պարզվել է, որ կելտերը գենետիկայի տեսանկյունից միասնական խումբ չեն, շոտլանդացիները, իռլանդացիները, վալիացիներն ու կոռնուոլցիները միմյանցից ավելի ուժեղ են տարբերվում, քան անգլոսաքսոնական ծագումով իրենց հարևաններից: Պատմաբանները համոզվել են, որ անգլոսաքսերը չեն կոտորել տեղացիներին, այլ ամուսնացել են նրանց հետ: